Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրանի» հյուրերի և կինոգործիչների հետ (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:
Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի անցած ուղու, ձեռքբերումների, ինչպես նաեւ այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին:
Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնին, որում մասնավորապես ասված է.
«Ողջունում եմ «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին, հյուրերին եւ առանձնահատուկ շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին, որոնք հետեւողականությամբ եւ նվիրվածությամբ ամեն տարի Երեւանի եւ մայրաքաղաքի հյուրերի համար արարում են այս սպասված տոնը:
Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգեւում մեր հանդիսատեսներին, այլեւ կարեւոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական եւ աշխարհայացքային աճի տեսանկյունից: Այս փառատոնը նաեւ կոչված է ստեղծելու համապատասխան հոգեւոր-մշակութային միջավայր եւ մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ:
Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրանի» հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը եւ ավանդույթներին: Մեր դասական ժառանգությունը եւ ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման: Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք եւ դիտարկենք համաշխարհային եւ միջազգային համատեքստում:
Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, որ մեզանում դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչպես նաեւ խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրող եւ մունետիկ»: