ՀՀ-ն ու Արցախը միասնական մեսիջներ են հղում. մաքսիմալ սիներգետիկ իրավիճակ՝ հայկական կողմում
Վերջին շրջանում հաճախակի են դարձել հայկական երկու հանրապետությունների քաղաքական ու պետական կառույցների հանդիպումները: Իհարկե Արցախը լինելով մեր հայրենիքի մի մասը` միշտ էլ սերտ փոխկապվածություն է ունեցել ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: Այնուամենայնիվ, վերջին շրջանում ավելացել են կոնկրետ թիրախային խնդիրներ շոշափող ու ըստ էության հարցեր բարձրաձայնող միջոցառումները:
Արցախը դեռևս ճանաչված հանրապետություն չի և միջազգային հարթակներում Արցախի մոտեցումները առաջ է մղում Հայաստանը: Խիստ կարևոր է, որ Հայաստանը ներկայացնող պատվիրակությունները, տարբեր հանձնաժողովները լիովին տիրապետեն ինչպես իրավիճակին, այնպես էլ Արցախում տիրող տրամադրություններին:
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ հայտարարությունն է տարածվել: Ի թիվս այլ կարևոր հարցերի` հայտարարությունը դատապարտում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Ժնևյան կոնվենցիայի հետեւողական խախտման քաղաքականությունը, քաղաքացիական բնակավայրերի հարեւանությամբ ռազմական հենակետերի տեղակայումը եւ խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելու փաստը:
Երկու հայկական հանրապետությունների կողմից կիրառվող նման մոտեցումը թե’ գործնական, թե’ տեղեկատվական նշանակություն ունի: Ինչպես արդեն նշեցինք, գործնական առումով կարևոր են շարունակական շփումները, իրավիճակի վերաբերյալ մոտեցումների սիներգետիկ կապի ձևավորումը:
Պակաս կարևոր չէ խնդրի տեղեկատվական մասը. այսպիսով ՀՀ-ն ցույց է տալիս, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու բարդ ու պատասխանատու գործընթացում կարևորում է ԱՀ-ի դիրքորոշումն ու մոտեցումները:
Խաչատրյան Ժոռա. Ֆեյսբուք