Ստեփանակերտի «շնորհակալությունը» Մոսկվային՝ Ադրբեջանին զենք մատակարարելու համար
1in.am-ը գրում է. Պաշտոնական Ստեփանակերտը բացասական է գնահատում ցանկացած երկրից սպառազինության մատակարարումն Ադրբեջան` «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, նաև հավելելով՝ չի համարում, թե ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջան ուղղված են հայության դեմ: Ըստ նրա` դա ռուսական կողմի բիզնեսն է: «Սա պարզապես բիզնես է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, որը, մեր կարծիքով, ճիշտ չէ, Ադրբեջանն այն պետությունը չէ, որին պետք է նման զենք մատակարարել: Բայց դա Ռուսաստանի ներքին գործն է, և կրկին պետք է ասենք՝ ինչքան էլ տարօրինակ չլինի, այդ զենքի մրցավազքն ինչ-որ ձև պահպանում է խաղաղությունն ու կայունությունը, որովհետև եթե կողմերն ունեն հզոր զենքեր, դա նաև զսպիչ հանգամանք է»: Բաբայանը նաև հավելել է, որ եթե Ռուսաստանը չմատակարարի, այլ պետություն է մատակարարելու՝ նույն Իսրայելը, նույն Պակիստանը, բազմաթիվ այլ երկրներ մատակարարում են:
Եթե նկատեցիք, ԼՂՀ իշխանությունները այս պատասխանով ամբողջովին կրկնում են Մոսկվայի քարոզչության թեզերը: Նույնիսկ կարելի է պնդել, որ Բաբայանը Մոսկվայի դիրքորոշումը պաշտպանում է ավելի ջերմեռանդորեն, քան դա անում են Կրեմլի ազդեցությամբ գործող լրատվամիջոցները և որոշ ռուսաստանցի փորձագետներ:
Ռուսական սպառազինությամբ բառացիորեն երեկ հայկական զինուժն առաջնագծում զինվոր է կորցնում, իսկ պաշտոնական Ստեփանակերտն արձանագրում է, որ Մոսկվայի արածն ընդամենը բիզնես է: Եթե նույնիսկ այդպես է, ապա Ռուսաստանը բիզնես է անում հայ զինվորի արյան հաշվին:
Սակայն ամենատարօրինակն այն է, որ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը կարծիք է հայտնում, թե Մոսկվան զենքի մատակարարումներով պահպանում է կայունությունն ու խաղաղությունը: Սա արդեն ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ քաղաքական անմեղսունակության դրսևորում, երբ Ստեփանակերտում նստած պաշտոնյան մոտալուտ պատերազմի ֆոնին խոսում է դրա հիմնական արտաքին սանձազերծող Ռուսաստանի կայունացնող դերի մասին:
Դավիթ Բաբայանը նույն հարթության վրա է դրել Ռուսաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարող Իսրայելն ու Պակիստանը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ասվածը կոռեկտ չէ զուտ վիճակագրության իմաստով, որովհետև Ռուսաստանը անվիճելի առաջատար է Ադրբեջան զենքի մատակարարումների հարցով: Ապշում ես, երբ ռուսահպատակությունն այնքան կարող է կուրացնել մեր իշխանության ներկայացուցիչներին, որ նրանք անտեսում են այն հանգամանքները, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ի տարբերություն Իսրայելի ու Պակիստանի, որոնք ոչ մի պարտավորություն չունեն Հսյաստանի հանդեպ և, մեծ հաշվով, ազատ են իրենց գործողությունների մեջ:
Նման իշխանության պարագայում Հայաստանի ու Արցախի վիճակը ողբերգական է, եթե նույնիսկ ունենք հերոսական բանակ, որի սպաներն ու զինվորներն ամեն օր աչքի են ընկնում անձնվիրությամբ: