Վարդան Հարությունյանը օֆշորային բիզնեսը. կարգոները երկուշաբթի օրվանից չեն աշխատելու
Politik.am լրատվականը օրեր առաջ հրապարակել էր ՊԵԿ աշխատակիցներից մեկի նամակը, որը լայն արձագանք գտավ: Այսօր ՊԵԿ նույն աշխատակիցը, որը նորից չցանկացավ ներկայանալ նոր մասնրամասներ է ներկայացնում: Նամակն ամբողջությամբ ստորև.«Երեկ երեկոյան ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից ՊԵԿ են հրավիրվել Թուրքիայից, Չինաստանից և ԱՄԷ-ից ապրանքների տեղափոխմամբ զբաղվող ընկերությունների, կամ ինչպես ընդունված է ասել կարգոների սեփականատերերը։ Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ և անցել է լարված մթնոլորտում։ Արդյունքը, կամ ավելի ճիշտ կլինի ասել, հետևանքը եղել է այն, որ 1990-ականներից այս շուկայում աշխատող կարգոները հուլիսի 10-ից չեն աշխատելու։
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից նրանց բաց տեքստով փոխանցվել է, որ իրենց փոխարեն շուկայում գործելու է նոր կարգո, որը ղեկավարելու է Գազպրոմ Արմենիայի գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանը, ում անունը վերջին օրերին շրջանառվում էր մամուլում։ Նոր կարգոն կլինի կրկին մասնավոր, բայց մոնոպոլիստ։ Իսկ թե ինչ «լավ» հետևանքներ է ունենում մոնոպոլիան, բոլորին է հայտնի — բարձր գներ, ցածր որակ, անպասխանատվություն ու վստահության բացակայություն։
Փաստորեն ի տարբերություն Գագիկ Խաչատրյանի և ՊԵԿ նախկին ղեկավարների, որոնց անունը կապվում էր կարգոների գործունեությունից «փայ» ունենալու մեջ, Վարդան Հարությունյանը հարցն ավելի կտրուկ է դնում — միանգամից իր ձեռքն է վերցնում այս բիզնեսը։ Կարգոների խլոցու այս օպերացիան համակարգում է Հարությունյանի ամենավստահելի անձանցից մեկը՝ Արմեն Ունանյանը, իսկ ՊԵԿ նախագահի տեղակալներ Վախթանգ Միրումյանը և Սամվել Ավետիքյանը փաստացի նշանակված են նրա օգնականներ։ Հենց այս երեքն են երեկ մասնակցել գործարարների հետ հանդիպմանը։ Արմեն Ունանյանի նոր օգնականների դերերն էլ հստակեցված են — Միրումյանը զբաղվելու է ֆինանսական հոսքերով, իսկ Ավետիքյանը բեռնափոխադրումների և մաքսազերծման հարցերով։ Այս երկուսի ընտրությունն էլ պատահական չի — Միրումյանը ֆինանսական մեքենայությունների հարուստ փորձ ունի և իր լարած հարկային թակարդների շնորհիվ իրեն պատկանող հաշվապահական ընկերությանը այդ շուկայում մոնոպոլիստ է դարձրել։ Իսկ Ավետիքյանը անհիշելի ժամանակներից մաքսային համակարգում է, լեզու է գտել բոլոր իշխանությունների հետ և իր համեստ աշխատավարձով կարողացել է շքեղ բնակարան գնել Իսահակյան փողոցի վրա գտնվող «հարուստների» շենքում։
Իսկ բուրգի վերևում բնականաբար Վարդան Հարությունյանն է, ով Գազպրոմում միլիոններ դիզելուց հետո նույնը ցանկանում է անել նաև մաքսային համակարգում։ Նոր ընկերության անվանումը և հասցեն շուտով կհրապարակվեն, սակայն տրամաբանական կլիներ, եթե այն կոչվեր «Գազ Կարգո»: Մեր ունեցած տեղեկություններով, ընկերությունը գրանցվել է բրիտանական օֆշորում։ Սա արդեն վկայում է թափանցիկության իսպառ բացակայության մասին։ Նոր գերհզոր ընկերության ետևում կանգնած մարդիկ բեռնափոխադրումների փորձ չունեն, բայց փոխարենը ունեն մոնոպոլիաների ու թալանի մեծ փորձ և նախանձելի ախորժակ։ Բեռնափոխադրումների շուկայում այսօր գործում են 15 ընկերություններ, որոնցից յուրաքանչյուրում աշխատում է միջինը 20 հոգի։ Այսինքն, կփակվի 250-ից 300 աշխատատեղ։
Խուճապի մեջ են նաև մի քանի հազար փոքր առևտրականները, որոնք հույս ունեին սեպտեմբերի մեկին ընդառաջ գոնե մի քիչ շարժ ունենալ։ Նրանք ամենայն հավանականությամբ փաստի առաջ են կանգնելու — հին կարգոները չկան, իսկ նորը առայժմ միայն մեկ բան է կարողանալու անել — հաշվել չեղած փողերը։ Դուբայից, Չինաստանից ու հատկապես Թուրքիայից բեռնափոխադրումներ կազմակերպելը անհնար բան չէ, բայց մի քիչ ավելի բարդ է, քան գազին օդ խառնելը»,-ասվում է նամակում։
Հ.Գ. Այս խնդրի վերաբերյալ ՊԵԿ-ը ևս մեկնաբանություն չտվեց, իսկ բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները խուսափում էին մեր հարցերին պատասխանել: