Ես արել եմ ամեն բան՝ մարտի 1-ի գործով քննությունն արդյունավետ ապահովելու համար. Գևորգ Կոստանյան
Այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ մարտի 1-ի գործը 10 մասի բաժանելու նպատակն ավելի արդյունավետ քննություն ապահովելն էր։
«Մինչև իմ պաշտոնավարումն այդ գործերն ամբողջական մեկ քրգործի շրջանակում էին քննվում, իսկ դա, որպես կանոն, առաջացնում է քննության անարդյունավետություն»,- ասաց նա՝ նշելով, որ գործերի առանձնացումը քննիչին, իրավահաջորդների ներկայացուցիչներին, փաստաբաններին և իրավապաշտպաններին հնարավորություն է տալիս ավելի առակայական պատկերացնել, թե գործը քննության որ փուլում է, ինչ հետևանքներ կան և յուրաքանչյուր քննիչի որոշում, որը ոչ արդյունավետ են համարում, կարողանան սահմանված կարգով բողոքարկել։
Նախկին գլխավոր դատախազը նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ինքն արել է ամեն բան՝ մարտի 1-ի գործով քննությունն արդյունավետ ապահովելու համար:
Կոստանյանի խոսքով՝ մարտի 1-ի գործը արհեստական չի ձգձգվում, այլ պատճառն այն է, որ շատ հանգամանքներ անհայտ են և բացահայտման կարիք ունեն: