Միասնական քննություններ. հայերենից անբավարար է ստացել դիմորդների 16%-ը, օտար լեզվից` 6%-ը
Գնահատման և թեստավորման կենտրոնը ամփոփել է մի քանի առարկաներից միասնական քննությունների արդյունքները։ Նշենք, որ հունիսի 1-ից Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները: Հունիսի 1-ին կայացել է ռուսաց լեզու առարկայի քննությունը, հունիսի 4-ին՝ հայոց լեզու և գրականություն, հունիսի 7-ին' կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննությունը, հունիսի 11-ին' մաթեմատիկա, հունիսի 14-ին' օտար լեզու, հունիսի 18-ին' ֆիզիկա առարկաների քննությունը: Այսօր դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմություն և քիմիա առարկաներից:
ԳԹԿ-ի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի բոլոր առարկաների քննությունների միջին միավորը բարձր է 1-1,5 միավորով:
Ներկայացնելով քննության արդյունքները' նա նշեց, որ ռուսաց լեզու առարկայի միջին միավորը 11 է. դիմորդների 17%-ը ստացել է անբավարար, իսկ 2 դիմորդ' 20 միավոր:
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի միջին միավորը 12,5 է: Անբավարար է ստացել դիմորդների 16%-ը, իսկ 79 դիմորդ հայոց լեզու և գրականություն առարկայից ստացել է առավելագույն՝ 20 միավոր:
Ա.Իսպիրյանը հայտնեց, որ այս տարի կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներից քննության արդյունքները բավականին բարձր են: Մասնավորապես, կենսաբանության և աշխարհագրության միջին միավորը 14,5 է: Կենսաբանությունից անբավարար է ստացել դիմորդների 12%-ը, 9%-ը կամ 170 դիմորդ ստացել է առավելագույն՝ 20 միավոր: Աշխարհագրությունից անբավարար է ստացել 6%-ը, իսկ 20 միավոր' 12 դիմորդ:
Ընդհանուր պատմություն առարկայի քննությանը մասնակցած 214 դիմորդից նվազագույնի շեմը չի հաղթահարել 20%-ը, իսկ միայն մեկ դիմորդ ստացել է 20 միավոր:
Ինչ վերաբերում է մաթեմատիկային, ապա այս տարի մաթեմատիկա առարկայի միջին միավորը 11,35 է, անբավարար է ստացել 17 %-ը, իսկ 20' 1,5%-ը կամ 99 դիմորդ:
Օտար լեզու առարկայի միջին միավորը 15 է: Անբավարար է ստացել դիմորդների 6%-ը, 20 միավոր' 5 %-ը:
Ա.Իսպիրյանը նշեց, որ ֆիզիկա առարկայի քննության արդյունքները հայտնի կդառնան հունիսի 23-ին, սակայն նախնական տվյալներով ֆիզիկայի միջին միավորը 11 է, իսկ 30 դիմորդ ստացել է 20 միավոր:
Նրա խոսքերով' նախորդ տարիների համեմատ այս տարի քննություններն անցնում են շատ ավելի հանգիստ ու խաղաղ: «Այս տարի աննախադեպ է նաև այն առումով, որ թեստերի վերաբերյալ բովանդակային բնույթի բողոքներ ոչ մի առարկայից չենք ունեցել: Բողոքները հիմնականում եղել են տեխնիկական բնույթի, օրինակ՝ համակարգիչը չէր ճանաչել թվերը, խաչը: Նման բոլոր խնդիրների դեպքում որոշումները կայացվել են բացառապես հօգուտ դիմորդների»,- ասաց Ա.Իսպիրյանը' հավելելով, որ ընդհանուր առմամբ ստացել են մոտ 200 բողոք:
Նշենք, որ այսօր քիմիա առարկայի միասնական քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 1400 դիմորդ, իսկ հայոց պատմությունից' 2500 դիմորդ:
Հիշեցնենք, որ 2013-14 թթ. ուսումնական տարում ընդունելության քննություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել շուրջ 15 000 դիմորդներ: