Արաբական պետությունները ստացել են Կատարի պատասխանը վերջնագրին
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը ստացել են Կատարի առջև դրած վերջնագրի պատասխանը: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
«Չորս երկրներ երկարացված ժամկետի ավարտին Քուվեյթի միջնորդությամբ ստացել են Կատարի պատասխանը, որը փոխանցել է Ձերդ Գերազանցություն շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը՝ Քուվեյթի էմիրը»,- ասվում է չորս պետությունների համատեղ հայտարարությունում:
Արաբական երկրները նաև խոստացել են «ժամանակին» հրապարակել իրենց համատեղ պատասխանը:
Նշենք, որ անցյալ շաբաթ լրացել էին հավելյալ 48 ժամերը, որոնք Կատարին էին տրվել արաբական երկրների պահանջները կատարելու համար:
Դոհայում առաջ քաշված պայմանները անիրատեսական են համարվել:
«Այնտեղ խոսքը գնում է ոչ թե ահաբեկչության, այլ ԶԼՄ-ների ազատության դադարեցման մասին, ինքնիշխանության խախտման և մեր ներքին գործերին խառնվելու մասին»,- ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Տանին: Միևնույն ժաանակ նա ընդգծել է, որ Կատարը ստեղծված իրավիճակում ստանձնել է և կստանձնի կառուցողական դիրքորոշում:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը հունիսի 5-ին դադարեցրին դիվանագիտական և բոլոր տեսակի հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով վերջինիս ահաբեկչությանն աջակցելլու և իրենց ներքին գործերին խառնվելու մեջ: Ավելի ուշ իրենց միացան նաև արաբական այլ երկրներ:
Հունիսի 23-ին Քուվեյթը, որը որպես միջնորդ հանդես եկավ, Կատարին փոխանցեց արաբական պետությունների պահանջները: Վերջնագիրը ներառում է 13 կետ, որոնցից են Իրանի հետ դիվանագիտական և ռազմական հարաբերությունների մակարդակի նվազեցումը, երկրում թուրքական ռազմաբազայի վերացումը, ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորման դադարեցումը, հարևան երկրների ներքին գործեին չխառնվելը, ինչպես նաև՝ «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստատեսության հեռարձակման դադարեցումը: