Հայաստանի զարգացման նախապայմանը հասարակության համընդհանուր կրթական բարձր որակի ապահովումն է
Խորհրդային կարգերի փլուզումից մինչ օրս հայերս Հայաստանի զարգացումը չգիտես թե ինչու պայմանավորում ենք գլխավորապես իշխանափոխությամբ: Սա ինքնախաբեության և ինչ-որ տեղ նաև արհեստականորեն մատուցված մի երևույթ է, որի ուղղությամբ վատնում ենք մտավոր, սոցիալ-հասարակական, քաղաքական զգալի ռեսուրսներ:
Դատելով հետխորհրդային տարածաշրջանում, այդ թվում և Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների ընդհանուր տրամաբանությունից` վստահաբար կարելի է ասել, որ համակարգային կամ անձերով պայմանավորված իշխանափոխությունը հայաստանյան իրականությունում չի կարող լինել երկրի զարգացման նախապայման, քանզի հաջորդ իշխանությունները ըստ էության չեն կարող տարբերվել նախորդներից մի քանի պատճառով:
Նախ` մեր իրականությունում քաղաքական մշակույթը նույնն է կամ գրեթե նույնն է քաղաքական-հասարակական ուժերի ու շարժումների մոտ: Երկրորդ` հաճախ իշխանափոխության իրագործման ջատագովներն ու հետնորդները իշխանափոխությունը դիտում են որպես ինքնանպատակ մի բան` «ամեն կերպ իշխանափոխություն», «իշխանափոխություն հանուն իշխանափոխության» լոզունգներով:
Երրորդ` հայաստանյան իրականությունում երկրի զարգացումը օբյեկտիվորեն չի կարող ապահովվել իշխանափոխությամբ, քանզի հասարակությունում չկա զարգացման համար անհրաժեշտ համակարգային գիտակցում և մոտիվացիա, որոնց հիմքում ընկած են հոգևոր արժեքներն ու գիտելիքը:
Զարգացում կարող է ապահովել այն հասարակությունը, որն առաջնորդվում է բարեկեցություն հանուն գաղափարախոսության և հակառակը` գաղափարախոսություն հանուն զարգացման կարգախոսերով: Հասարակության արժեքները և քաղաքական մշակույթը պայմանավորված են հասարակության կրթական բազայով, որի ուղղությամբ և ունենք խնդիրներ ու անելիքներ: Հայաստանի զարգացման նախապայմանը հասարակության համընդհանուր կրթական բարձր որակի ապահովումն է, որն իր հերթին կխթանի արժեքների ու հոգևոր մոտիվացիայի խմորումները:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք