Չելյաբինսկում նավակ է շրջվել. վանաձորցի երկու եղբայրներն ու նրանց երեխաները մահացել են (տեսանյութեր)
Ռուսաստանի Դաշնությունում՝ Չելյաբինսկի շրջանում, ողբերգական պատահար է տեղի ունեցել: Դեպքի հետևանքով հայեր են զոհվել, այդ թվում նաև՝ մանկահասակ երեխաներ:
Սարսափելի պատահարը, որը յոթ կյանք է խլել, տեղի է ունեցել երեկ երեկոյան: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդկանցից մեկը իր և 2 եղբայրների երեխաների հետ նավակով շրջելիս է եղել Մաքսիմկա գետի վրայով, նավակն հանկարծակի շրջվել է, երեխաներն ու տղամարդը հայտնվել են նավակի տակ, նրանք օգնություն են կանչել, գոռացել, ափին կանգնած 2 տղամարդիկ՝ մյուս երեխաների հայրերը, նետվել են ջուրը ՝օգնություն ցույց տալու, սակայն խեղդվել են իրենք ևս:
2 տղամարդու՝ 40 և 45 տարեկան, մարմինները դուրս են բերվել ջրից, ինչպես նաև 10 տարեկան մի աղջկա ու 2 տարեկան տղայի: Ավելի ուշ հայտնաբերել են նաև 8 ու 15 տարեկան տղաների մարմինները, իսկ մի տղամարդու որոնում են։
Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։ Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կիլմովը լրագրողներին հայտնել է, թե տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել, ապա ալյումինե նավակով գետն են մտել։ Նշվում է, որ ազգականները ափին նշել են իրենց երեխաներից մեկի՝ 9-րդ դասարանն ավարտելու առիթը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ջրավազանը նախատեսված չի եղել ոչ լողալու, ոչ էլ նավակով զբոսնելու համար: Դեպքը տեղի է ունեցել ափից մոտ 50-100 մետր հեռավորության վրա։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զոհված քաղաքացիներից և ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանց հագին փրկարարական բաճկոններ չեն եղել։ Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցել:
News.am-ի տեղեկություններով՝ «Մաքսիմկա» ջրավազանի վրա զբոսնողները վանաձորցիներ են, ովքեր Չելյաբինսկում մշտական բնակություն էին հաստատել արդեն մի քանի տարի: