Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերևարված Զավեն Կարապետյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին։ Կարմիր խաչի երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ին տեղեկացրել է, որ այցելությունը տեղի է ունեցել հուլիսի 1-ին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանին սահմանին հայկական ԶՈՒ զինծառայողի, իբր, գերի ընկնելու մասին։ Ավելի ուշ գերատեսչությունը տարածել էր տղամարդու հարցաքննության տեսագրությունը, որտեղ տղամարդը թուրքական նմուշի զրահաբաճկոնով էր։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի հարցով:
Հայկական կողմը հերքել էր ադրբեջանական ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը՝ նշելով, որ Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ 24․12․1993 ազատվել է ծառայությունից։