Հեղաշրջում հեղաշրջման դիմա՞ց
Ասում են՝ Սուդանի նախագահի աշխատակազմի ղեկավար Թահա Օսման ալ-Հուսեյնն իր ծառայություններն է առաջարկել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի իշխանություններին՝ Կատարում ռազմական հեղաշրջում իրականացնելու հարցում, ինչի դիմաց՝ սաուդյան իշխանությունները պետք է աջակցեին ալ-Հուսեյնին՝ նմանատիպ հեղաշրջման միջոցով տապալել Սուդանի նախագահ Բաշիրի իշխանությունը:
Նախատեսվող «կայծակնային» ռազմական հեղաշրջումն ի կատար էր ածվելու Եմենի տարածքում ռազմական գործողություններ իրականացնող արաբական կոալիցիայի շրջանակում գործող սուդանական ռազմական կոնտինգենտի միջոցով, որը տեղափոխվելու էր Սաուդյան Արաբիայի արևելյան և Բահրեյնի տարածքներ, ապա մուտք էր գործելու Կատար. նշված ռազմական ստորաբաժանման ղեկավարումը ալ-Հուսեյնի ջանքերով ամիսներ առաջ փոխանցվել էր հենց Սուդանի նախագահի աշխատակազմին:
Մինչդեռ արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ սուդանական իշխանություններին հաջողվել է կանխել Օսման ալ-Հուսեյնի ծրագրերը, ձախողել դեպի Սաուդյան Արաբիա փախուստի փորձը և ձերբակալել նրան:
Ինչպես և սպասվում էր, թե՜ Սուդանի նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը, թե՜ սաուդական և ԱՄԷ-ի իշխանությունները հերքել են Կատարում ռազմական հեղաշրջման կազմակերպման վերաբերյալ վերոնշյալ տեղեկատվությունը:
Արմեն Պետրոսյան. Ֆեյսբուք: