Երկու դիտարկում ՀՀ զինված ուժերում պաշտոնյաների որդիների զինծառայության հարցի հետ կապված
Երկու դիտարկում ՀՀ զինված ուժերում պաշտոնյաների որդիների զինծառայության հարցի հետ կապված` իսրայելական փորձի օրինակով.
Նախ` Իսրայելի պաշտպանության բանակում երկրի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների որդիների կամ դուստրերի զինծառայությունը հանդիսանում է քաղաքական վերնախավում այդ պաշտոնյաների իշխանական-քաղաքական դիրքերի պահպանման երաշխիք: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, որպես կանոն, զինծառայության են անցնում հատուկ ստորաբաժանումներում:
Ասել է թե, տվյալ բարձրաստիճան պաշտոնյան, ազատելով իր որդուն կամ դստերը պարտադիր ժամկետային զինծառայությունից, հասարակության շրջանում և պետական համակարգում կունենա անվստահություն, ինչն էլ իվերջո հանգեցնում է տվյալ պաշտոնից նրա ազատմանը և առհասարակ զրկում նրան պետական համակարգում առաջխաղացման հնարավորությունից: Ուստի Իսրայել պետության յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա անձնապես շահագրգռված է իր սերունդների զինծառայության ապահովման հարցում, շահագրգիռ են նաև պաշտոնյաների որդիները, քանզի զինծառայությունը երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար հանդիսանում է հասարակական-քաղաքական, կրթական ոլորտներում առաջխաղացման կարևորագույն հարթակ:
Երկրորդ` հայ հասարակությունում ներկայում ակտիվ քննարկման թեմա է հանդիսանում պաշտոնյաների որդիների զինծառայության և մասնավորաբար սահմանային զինծառայության հարցը: Կրկին անդրադառնալով իսրայելական փորձին` նշեմ, որ Իսրայելում սահմանապահ զորքերում և առհասարակ մարտական ստորաբաժանումներում զինծառայությունը ենթադրում է երկարամյա զինվորական մասնագիտացում, որի արդյունքում մարտական գործողություններ իրականացնելու իրավունք ունեն միայն պրոֆեսիոնալները:
Մեր իրականությունում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սահմանային զինծառայությունում և մարտական ստորաբաժանումներում ներգրավված են հիմնականում երիտասարդները, որոնք զինվորական փորձ հաճախ ձեռք են բերում հենց գործողությունների իրականացման ընթացքում:
Կարծում եմ՝ Ազգ-բանակ հայեցակարգը կոչված է առաջնակարգ կերպով լուծելու այս ակտուալ հարցերը, այդ ուղղությամբ արդեն տեսանելի են որոշակի արդյունքներ:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք: