Հայ «օրենքով գող» Արթուր Մոլոդոյը (Արթուր Աթաբեկյան) իրարանցում է առաջացրել Ռոստովում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ Դոնի Ռոստովի թիվ մեկ Քննչական մեկուսարանը դարձել էր գողական տարբեր կլանների շահերի հերթական բախման վայր: Ինչպես հայտնել է «Primecrime»-ը, վեճի մեղավորը Արթուր Աթաբեկյանն է, նույն ինքը՝ Արթուր Մոլոդոյը, ով հայտնվել է մեկուսարանում ու ներկայացել որպես «օրենքով գող»:
Պարզվել է, որ այդ պատվին նրան արժանացրել են ծագումով քութայիսցի «հույն» գողեր Գիա Զվիադաձեն և Գոչա Ալպաիձե-Անտիպովը, նույնը ինքը՝ Ալֆասոնը: Ի հակառակ երևանյան սխոդկայի որոշման՝ նրանք Արթուրին գող են համարում: Թեպետ բանտային հանրությունը, ղեկավարվելով Ռոստովի «նայողի»՝ Նոդար Ասոյանի ու տեղում նրա հանձնակատար Գիլանի Սեդոյի հանձնարարականներով, Արթուրին գող չեն ճանաչել:
Հիշեցնենք, որ Իսպանիայից վերադարձած Շաքրո Մոլոդոյի առանցքային որոշումներից մեկը 2013 թ. հետո արված բոլոր թագադրումների ստուգումն ու ռևիզիան էր, ինչպես նաև նոր թագադրումներ չանելու պայմանավորվածությունը՝ մինչև թշնամի կլանների միջև եղած տարաձայնությունները վերջնականապես չհարթվեն:
Սակայն թագադրումները վերսկսելու վառ կողմնակից է 58-ամյա Գիա Զվիադաձեն, ով ազատության մեջ է հայտնվել մեկ տարի առաջ: Գիան մտահոգված է ոչ միայն շուտափույթ հարստացմամբ, այլև սեփական կլանի ստեղծմամբ: Սակայն Արթուրի վերաբերյալ Ալֆասոնի հետ նրանց համարձակ ծրագրերն ավելի շատ հիշեցնում են կատվի կույր ձագերի լողը: Դուրս կլողաս՝ կդառնաս գող: Հնարավոր է: Երբևէ: Դուրս չես լողա՝ ուրեմն այդպես պետք է լիներ: Հանուն արդարության նշենք, որ Արթուրն առայժմ կարողանում է մնալ ջրի երեսին:
Իսկ Նոդար Ասոյանը չափից ավելի է շահագրգիռ, որ հատկապես իր պատասխանատվության տակ գտնվող գոտում Շաքրոյի որոշումը հետայսու էլ հարգվի: Նոդարը չի կարող չհասկանալ, որ Ռոստովում ազգությամբ հայ մեկ այլ «օրենքով գողի» հայտնվելն անխուսափելիորեն սպառնում է հենց իր ազդեցության թուլացմանը ողջ տարածաշրջանում: Իսկ քանի որ «չեմ թողնում» փաստարկն արդեն բավարար չէ, Նոդարն առաջ է մղում դեռևս չապացուցված այն վարկածը, որ Արթուրը միս է վաճառել: «Հույները» կտրականապես համաձայն չեն այդ վարկածին, բայց Ռոստովում նրանց կարծիքն առայժմ անտեսնում են:
Մանրամասները` «Փաստ» թերթի այսօրվա համարում: