Ուկրաինային խոշոր տուգանք է սպառնում Յուլիա Սամոյլովային երկիր չթողնելու պատճառով
Ուկրաինային խոշոր չափի տուգանք է սպառնում «Եվրատեսիլ 2017»-ի կազմակերպման ժամանակ լուրջ խնդիրների և մրցույթին Ռուսաստանի մասնակցության շուրջ Եվրոպական հեռարձակման միության հետ համագործակցելու ցանկության բացակայության համար: Այս մասին հայտնում է «Izvestia.ru»-ն՝ հղում տալով կազմակերպության տարածած հայտարարությանը:
Վտանգի առջև է եվրոպական երաժշտական մրցույթի բրենդի հեղինակությունը, իսկ Ուկրաինայի իշխանությունների գործողությունները հեռուստադիտողների ուշադրությունը շեղել են հիմնական արարողությունից, նշվում է փաստաթղթում:
«Այդ պատճառով մրցույթի կազմակերպչական կոմիտեն առաջարկել է Ուկրաինայի Ազգային հասարակական հեռուստառադիոընկերությանը նշանակալի չափով տուգանել»,- գրված է հայտարարությունում:
Նշենք, որ Կիևում անցկացված «Եվրատեսիլ 2017» երաժշտական մրցույթին Ռուսաստանը պետք է ներկայացներ երգչուհի Յուլիա Սամոյլովան, սակայն վերջինիս՝ Ղրիմ կատարած այցելության պատճառով Ուկրաինայի իշխանությունները արգելել էին նրա մուտքը երկիր: