Պոլսի պատրիարքության հոգևոր խորհուրդը դադարեցրել է Աթեշյանի լիազորությունները
Պոլսի հայոց պատրիարքության գերագույն հոգևոր խորհուրդը դադարեցրել է պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները: Այս մասին գրում է «Ակօս» շաբաթերթը:
Հոգևոր խորհդրի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը «Ակօս» շաբաթերթին տեղեկացրել է, որ որոշումն ընդունվել է 2 դեմ, 22 կողմ ձայնների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլսի պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանը միջամտել էր գործընթացին՝ պատրիարքարան ուղակված նամակով տեղեկացնելով, որ ընտրությունների անցկացումն իրավականորեն հնարավոր չի, իսկ պետությունը որպես պատրիարքի փոխանորդ ճանաչում է Աթեշյանին:
Պետության ներկայացուցիչների հետ համայնքի աշխարհիկ և հոգևոր ներկայացուցիչների քննարկումներից հետո միայն Աթեշյանը մայիսի 24-ին նամակ հղեց Բեքչյանին՝ նրան որպես տեղապահ Ստամբուլ հրավիրելով:
Չնայած Աթեշյանը Բեքչյանին որպես տեղապահ պատրիարքարան էր հրավիրել, բայց իր պաշտոնից հրաժարվելու մասին պաշտոնապես չէր հայտարարել: Իսկ հունիսի 24-ին Աթեշյանը Բեքչյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայնտել էր, որ չի մտածում փոխանորդի պաշտոնից պաշտոնապես հրաժարական տալու մասին: