Հարբած հրամանատարը զինվորին ծեծել, հաշմանդամ է դարձրել (տեսանյութ)
ՀասարակությունԿառավարության շենքի դիմաց բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին այսօր միացել էր տիկին Լուսյան, ում տղան բանակից թեև ողջ, բայց հաշմանդամ է վերադարձել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տիկին Լուսյան պատմեց, որ իր տղան՝ Արթուր Գրիգորյանը, բանակ է զորակոչվել 2008 թվականին, ծառայել է Գորիսում: Զորակոչվելուց կարճ ժամանակ անց, մոր խոսքերով՝ հարբած և թմրադեղերի ազդեցության տակ գտնվող վաշտի հրամանատարը Արթուրին դաժանորեն ծեծել է: Ծնողներին սկզբում ասել են, թե տղան մահճակալից է ընկել, և ստացած գլխի վնասվածքի պատճառը դա է. «Մտածել են՝ ողջ չի մնա, հետո երբ տղաս ուշքի է եկել, պատմել է, որ հրամանատարն է դաժանորեն ծեծել. մի անգամ չէ՝ մի քանի անգամ է խփել»:
Ինչպես ներկայացրեց մայրը, առաջին երկու տարին տղային տվել են հաշմանդամության երկրորդ կարգ, ապա, չնայած առողջական վիճակի վատթարացմանը, դարձրել են երրորդ կարգ, և նա այժմ ստանում է ամսական 35.000 դրամ:
Արթուր Գրիգորյանը պատրաստվում էր իրավաբան դառնալ, ծառայությունը վերջացնելուց հետո պետք է շարունակիեր ուսումը, սակայն հրամանատարի պատճառով, ում, ի դեպ, մոր հավաստմամբ՝ պատժել են միայն մարմնական թեթև վնասվածք պատճառելու համար, տղան այժմ ամբողջ օրն անցկացնում է 4 պատերի մեջ:
Ծնողները պահանջում, խնդրում են, որ գոնե երկրորդ կարգ տան, որպեսզի կարողանա նորմալ թոշակ ստանալ, որը գոնե մասամբ կփակի տղայի դեղորայքի ամսական 100.000 դրամը. «Գլխի մի ոսկորը չկա, տիտան են դրել, երեխաս ամբողջ օրը 4 պատերի մեջ է՝ մի հրամանատարի լկտի պահվածքի պատճառով: Դիմում եմ առողջապահության նախարարություն, ինձ ասում են՝ էլ չդիմես, թե չէ՝ միլիցա կտանք. լավ, պետք չի թոշակը, երեխայիս առողջությունը վերադարձրեք»: