Մոսկովյան դատարանը երկարաձգել է հայ գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը
Մոսկվայի Պերսնենսկի դատարանը վճռել է մինչև օգոստոսի 24-ը երկարաձգել հայազգի գործարար Արամ Պետրոսյանի կալանքը, որն անցյալ տարվա ամռանը «Սիթիբանկ»-ի Մոսկվայի մասնաճյուղում մարդկանց էր պատանդ վերցրել: Այս մասին գրում է «РиаНовости»-ի կայքը։
«Քննության միջնորդությունը բավարարել, Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 24-ը», – ասել է դատավորը։
Միջնորդությունը հիմնավորելիս քննիչը պնդել է, որ քրեական գործը հատուկ բարդություն ունի, սակայն դատավորից նկատողություն է ստացել նախաքննությունը երկարաձգելու պատճառով։
Պետրոսյանն իրեն մեղավոր է ճանաչում պատանդառման համար, իսկ ահաբեկչության սպառնալիքի համար՝ ոչ։
2016 թվականի օգոստոսին Պետրոսյանը Մոսկվայի «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում 4 մարդու է պատանդ վերցրել՝ սպառնալով պայթեցնել բանկը։ Սակայն հետո տղամարդը բաց է թողել պատանդներին ու հանձնվել իրավապահներին։