Թուրքիայի տարբեր քաղաքներում ցուցարարների և ոստիկանների բախումները շարունակվում են
Ստամբուլի Գեզի զբոսայգուց ցուցարարներին բռնի ուժով վտարելուց հետո էլի շարունակվում են ցուցարարների բողոքի միջոցառումները Թուրքիայի տարբեր քաղաքներում: Գեզիից հետո ոստիկանությունը փորձում է ուժի գործադրմամբ ցրել ցույցերը նաև այլ քաղաքներում' քանդելով հրապարակներում դիրքավորված ցուցարարների վրանները: Իզմիրում, Մերսինում, Անկարայում կրկին արձանագրվել են բախումներ են քաղաքացիների և ոստիկանական ուժերի միջև:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի հաղորդմամբ' Մերսին քաղաքում ոստիկանությունը կեսգիշերն անց հարձակվել է Խաղաղության հրապարակում հավաքված ցուցարարներին վրա: Անվտանգության ուժերը ցուցարարներին տվել են 20 րոպե' «ապօրինի գործողությունները դադարեցնելու, տեղադրված վրանները հանելու» համար: Ժամանակը լրանալուց անմիջապես հետո ջրցան մեքենաների ուղեկցությամբ գիշերը ժամը 2:30-ի սահմաններում ուժայինները հարձակվել և քանդել էին տեղադրված վրանները, առգրավել ցուցապաստառները:
«Հաբեր 3» լրատվական կայքն էլ տեղեկացնում է Իզմիրում տեղի ունեցած ոստիկանական գործողության մանրամասների մասին: Իզմիրում նույնպես ոստիկանությունը գործել է նույն ոճով. նախապես զգուշացրել է ցուցարարներին, ապա անցել հարձակման: Գործողության նպատակն է եղել քանդել տեղադրված վրանները և առգրավել դրանք: Դիմադրություն ցույց տված ցուցարարներից 34-ը կալանավորվել են:
Իսկ մայրաքաղաք Անկարայում ոստիականությունը բողոքի ակցիաներին միջամտել է' արցունքաբեր գազ կիրառելով: Այդ ընթացքում ձերբակալվել է մի կին, ով փորձել է խոչընդոտել ջրցան մեքենայի առաջխաղացումը' կանգելով է դրա դեմ:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը' հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել' օգտագործելով արտասվաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն' կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 6 զոհ: