Ամեն մարդ իր կռիվն ունի
Այսօր, Գեներալիս (հայրիկիս) մոտ գնալիս՝ Ավան-Առինջի բակերից մեկով էի բարձրանում։ Շենքի մուտքերից մեկից 7-8 տարեկան երեխա դուրս եկավ՝ 3-4 խաղալիք թուր մեջքին գցած։ Ակամայից կանգ առա, մանկությունս հիշեցի ու հիացմունքով պստոյին էի նայում, երբ տաղավարում նարդի խաղացող պապիներից մեկը հարցրեց․
-Ո՞ւր ես գնում։
-Սահմա՛ն,- բարձր ու խրոխտ ձայնով պատասխանեց պստոն։
-Սահման ի՞նչ կա,- շարունակեց «հարցաքննել» պապին։
-Գնամ սահման դիրք պահեմ ու կռիվ անեմ, որ մաման-պապան հանգիստ քնեն, Վաղո պապի,- նույն ձայնով պատասխանեց պստոն։
Անկեղծ, փշաքաղվեցի այդ պահին։ Այնքան նվիրվածություն, անկեղծություն ու հայրենասիրություն կար այդ փոքրիկի խոսքերում, որոնք չկան շատ ու շատ «հայրենի՛ք», «Հայաստա՛ն», «ա՛զգ», «միասնությո՛ւն» բղավողների մոտ։
Ամեն մարդ իր կռիվն ունի։ Աստված պահի քեզ ու ծնողներիդ, փոքրիկ ասպետ։
Ալբերտ Ունուսյան. Ֆեյսբուք