Հեղաշրջման փորձի գործով Թուրքիայում 23 անձ ցմահ ազատազրկման է դատապարտվել
Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ֆահրի Քասըրգանին առևանգելու գործով դատավարության շրջանակներում 23 մեղադրյալի նկատմամբ ցմահ ազատազրկման վճիռ է կայացվել: Այս մասին գրում է «Cumhuriyet» օրաթերթը:
Անկարայի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանում տեղի ունեցած դատավարության շրջանակներում 2 շարքային զինծառայող արդարացվել է: Իսկ նախագահականի պահպանության գնդի նախկին հրամանատար Մուհսին Քութսի Բարըշը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման Ֆահրի Քասըրգանին ազատությունից զրկելու մեղադրանքով:
Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք (որոնցից 18-ը խստացված ռեժիմով) մեղադրվել են «սահմանադրական կարգը տապալելու փորձի» մեջ:
Ըստ թերթի սա հեղաշրջման փորձի վերաբերյալ Անկարայում ընթացող դատավարությունների շրջանակում կայացված առաջին որոշումն է: