ԱՄՆ դեսպանատան խոսքը՝ Արմեն «Չիկո» Թութունջյանի մահվան կապակցությամբ
Դեսպան Միլսը և ԱՄՆ դեսպանության ողջ անձնակազմը մեծ ցավով տեղեկացան, որ կյանքից հեռացել է սիրված երաժիշտ Արմեն «Չիկո» Թութունջյանը և նրա ընտանիքի, ընկերների և հայաստանյան ջազ համայնքի հետ մեկտեղ սգում են նրա մահը: Չիկոն երաժիշտ վիրտուոզ էր, ջազի մեծ սիրահար, ով իր ողջ կյանքը նվիրեց ջազին:
Արմեն Թութունջյանի հետ մեր համագործակցությունը սկիզբ առավ 1994թ.-ին, երբ նա փոխանակման ծրագրի շրջանակում եղավ Միացյալ Նահանգներում: Իսկ 2000-ականների սկզբից մենք առիթ ունեցանք Ջազի նշանավորման միամսյակների ընթացքում մի քանի անգամ համագործակցել մաեստրոյի հետ: Մենք երախտագիտությամբ կհիշենք Չիկոյի հեղինակած ու հրատարակած «Ջազը Հայաստանում» գիրքը, որտեղ ներկայացված է Հայաստանի ջազի պատմությունն ու նաև հիշատակված է մեր արգասաբեր համագործակցությունը:
2011թ. Չիկոն, շրջանավարտներին տրվող փոքր դրամաշնորհի շրջանակում, հրատարակեց «Ռիթմ և շարժում» ձեռնարկը թմբկահարների համար և հպարտությամբ գրքի օրինակներ տրամադրեց Կոնսերվատորիայի գրադարանին և Հայաստանի բոլոր երաժշտական դպրոցներին: Թմբկահարներին տրվեց ավելի քան 40 գիրք: 2016թ. ապրիլին Չիկոն ճանաչվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ամսվա լավագույն շրջանավարտը՝ ջազում և ջազի խթանման հարցում ունեցած իր ուրույն ներդրման համար:
Չիկոն մեր հիշողության մեջ կմնա որպես բարեսիրտ, եռանդուն և լավատես մի անձնավորություն, ով անսահման նվիրված էր երաժշտությանն ու արվեստին: Մենք միշտ կհիշենք նրան: