Որ պատգամավորը Վարդան Այվազյանը լինի, երկրի վիճակը այսքան հազիվ էլ լինի. դուխը դրած ապրում է
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը բացառիկ կերպար էր դեռ այն ժամանակվանից, երբ Բնապահպանության նախարար էր: Հանքերի հերն անիծելուց հետո նա դիզեց իր հարստությունը, ձեռքի հետ էլ հարստացրեց իր սերնդին ու դարձավ մեծահարուստ պատգամավոր:
Նրա արկածները չափ ու սահման չունեն , բայց հոգ չէ, նա այսօր «ժողովրդի կողմից ընտրված» պատգամավոր է:
Երեկ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի և Վարդան Այվազյանի միջև վեճ էր ծագել, որի պատճառն այն էր, որ Մանուկյանն իր ելույթում հեգնանքով նշել էր, որ Այվազյանը «հանքարդյունաբերության հետ կապ չունի, մաքուր պատգամավոր է»:
Դրանից հետո պատգամավորը ԱԺ-ի միջանցքում Արամ Մանուկյանի հետ իր «գրուզչիկի» (խոսքը նման աշխատանք կատարողների հետ որևէ կապ չունի) բառապաշարով որոշել է հաշիվներ մաքրել` ԱԺ-ն շփոթելով Թոխմախի գերեզմանի տարածքի հետ:
Սկսենք նրանից, որ սա պատգամավորին ու առհասարակ քաղաքացուն ոչ հարիր պահվածք էր, այն էլ ԱԺ-ում: Նրա զրուցակիցը Արամ Մանուկյանն էր, կարճ կապեց, ասաց մի գողացեք, թողեց ու հեռացավ, իսկ փողատերը գոռում էր, որ «կարմիր դիպլոմով գրուզչիկ է աշխատել», իսկ հիմա գոնե գիտի, թե իրական կարմիր դիպլոմ ստացած քանի մարդ, իր նմանի պատգամավոր լինելու պատճառով, նույնիսկ գրուզչիկ չի կարող աշխատել ու գնում է երկրից:
Երկրորդ հետաքրքիր դիտարկումը. մատնեց իրեն պատգամավորը, երբ ասաց, որ «դուխս ու առողջությունս դրել եմ, ապրում եմ», համաձայնեք կարմիր դիպլոմ ստացողի պատասխանն այլ կլիներ, որ, օրինակ, իմ խելքով եմ վաստակել, բայց Վարդան Այվազյանն անկեղծ էր' դուխը դրեց ու կպավ հանքերին, երկրի մակերեսը ցամաքեցնելուց հետո` անցավ ընդերքին:
Այնուհետև խոսքի մեջ հայտնվեց լրագրողը, պատգամավորը վիրավորեց լրատվամիջոցներից մեկին, լրագրողին ասաց «մի վնգստա», «բոմժ» պատասխանն էլ ատացավ ու գնաց:
Սա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում, Հայաստանի Հանրապետության պատգամավորն էլ գլխավոր հերոսն է, ով ասենք իրավունք ունի երկրի ճակատագիր որոշելու:
Էհ աշխարհ, աշխարհ, դե արի ու մի ասա, թե «կարմիր դիպլոմ» ստացողն ու «ընտրված» պատգամավորը, որ Վարդան Այվազյանը լինի, երկրի վիճակը այսքան հազիվ էլ լինի: