Քրդերը միշտ էլ ծառայել են որպես գործիք՝ Թուրքիան մասնատելու համար. Մուշեղ Խուդավերդյան
Այսօր` հունիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը խոսելով գյուլենականների մասին նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում գյուլենականնրի դեմ պայքարն ավելի է սրվել:
«Վերջին մեկ տարում փակվել է նրանց պատկանող 4 հազարից ավելի գրասենյակ ու հաստատություն: Գյուլենականների դեմ որսը սկսվել է հատկապես ժանդարմերիայի շրջանակներում, ինչի արդյունքում վերջին մեկ ամսում ձերբակալվել է շուրջ 5 հազար ոստիկան»,- ասաց նա:
Ըստ բանախոսի` գյուլենական լինելու մեղադրանքով Թուրքիայի քաղաքացիությունից զրկվել է առնվազն 130 մարդ: Այդ թվում՝ քաղաքացիությունից սպառնում են զրկել հենց Ֆեթուլլահ Գյուլլենին:
Խոսելով Քաթարի շուրջ ոսեղծված վիճակից, Խուդավերդյանը նշեց, որ Թուրքիան ավելի է ամրապնդելու իր հարաբերությունները Քաթարի հետ:
«Մերձավոր Արևելքում, հատկապես Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամի պայմաններում, չնայած այս երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել են 7 երկրներ, Թուրքիան հայտարարել է, որ մինչև վերջ Քաթարի մեջքին կանգնած է լինելու և էլ ավելի է ամրապնդելու իրենց հարաբերությունները»,- ասաց պարոն Խուդավերդյանը, հավելելով, որ Էրդողանը դա հիմնավորել է նրանով, որ Թուրքիան կամաց-կամաց պետք է էլ ավելի անկախացնի իր քաղաքականությունը և այլևս շատ դեպքերում չպետք է հաշվի նստի այն շահերի հետ, որը իրենց թելադրում է Արևմուտքը:
«Թուրքիան Քաթար է ուղարկելու մոտ 120 զինվոր, ապահովելու է Թուրքիայի ռազմածովային և օդուժի ներկայությունը: Մեկ այլ պայմանագրի համաձայն՝ Թուրքիան լինելու է Քաթարի սննդի և ջրի հիմնական մատակարարը»,- նշեց թուրքագետը և հավելեց. «Թուրքիան թույլ չի տա, որ Արևմուտքում ևս մեկ կոնֆլիկտ ավելանա»:
Սրացում է նկարտվում Թուրքիա-ԵՄ հարաբերություններում: ԵՄ-ի մի շարք երկրների պահանջով ԵՄ Արտակարգ անձնաժողովը աուդիտ կսկսի Թուրքիայում, պարզելու համար թե արդյո՞ք վերջին 4 տարվա ընթացքում Թուրքիա ուղարկած շուրջ 4 միլիարդ դոլարը, որը պետք է Թուրքիայում ծախսվեր օրենքի գերակայության, ժողովրդավարության զարգացման և սոցիալական այլ խնդիրների լուծման վրա, հասել է իր նպատակին թե ոչ, ինչը ևս զայրացրել է թուրքական իշխանություններին:
Զեկույցը կհրապարակվի 2018 թվականին: Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք լքում են Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազան: Նա դա հիմնավորել է նրանով, որ թուրքական իշխանությունները այդպես էլ թույլ չեն տալիս գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա:
Հարցին` ինչ վտանգներ է իր մեջ պարունակում Իրաքյան Քուրդիաստանի իշխանությունների մտադրությանը՝ այս տարվա սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ. նա ասաց. «Որքան քրդական գործոնը հզորանա, այնքան ավելի մեծ սպառնալիք կդառնա թուրքական պետության կայունությանը: Քրդերը միշտ էլ ծառայել են որպես գործիք՝ Թուրքիան մասնատելու համար: Քրդերը գործիք են՝ ներազդելու Թուրքիայի վրա»: