Ծննդկանի որովայնում սավան մոռացած հայ բժշկին արգելվել է 2.5 տարի բժշկությամբ զբաղվել
Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը Մարիամ Առաքելյանին և Գալինա Շլոմինին երկու տարով արգելել է բժշկական գործունեություն ծավալել, ինչով գրեթե խաչ է քաշել բժիշկների կարիերայի վրա ծննդկանի որովայնում սավան մոռանալու համար: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:
Պաշտոնապես նրանց չի թույլատրվում դուրս գալ Սանկտ Պետերբուրգի տարածքից, բժշկական գործիք վերցնել և ընդունել հիվանդների: Տուժող Յուլիա Սելինային նրանք պարտավոր են վճարել 380 000 ռուբլի: Գումարի մի մասը կփոխանցվի փաստաբանի ծառայություններին, մի մասն էլ կտրամադրվի որպես նրա բուժման փոխհատուցում:
Մեկուկես ամիս առաջ Յուլիան հերթական վիրահատությունն է տարել՝ կապված աղիների հետ: Մինչև այժմ նա վերականգնողական կուրսեր է անցնում կեսարյան անհաջող հատումից հետո, որը տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերին:
Գրեթե երկու տարի առաջ բժիշկներն ընդունել են ծնունդը, երեխան առողջ է ծնվել, սակայն Սելինան իրեն շատ վատ է զգացել: Կեսարյան հատումից հետո որովայնը չի փոքրացել, հիվանդը սուր ցավեր է ունեցել: Բժիշկները շտապել են նրան դուրս գրել՝ նորաթուխ մայրիկի վիճակը գնահատելով բավարար:
Սակայն 24 օր հետո նա կրկին հայտնվել է մեկ այլ հիվանդանոցում, և բժիշկները նրա որովայնում սավան են գտել՝ 117-ը 84 սանտիմետրի վրա չափերով: Ծննդկանը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել այդ սավանի պատճառով: