ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված Արսեն Բաղդասարյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են 2014 թվականի դեկտեմբերից Ադրբեջանում գերի պահվող հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովանը նշել է , որ այցելությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ:
«ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով գերին և նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկատվությամբ»,- ասել է Հուսեյնովան
ԱրՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 29,120.2.7 (2 կամ մի շարք անձանց միտումնավոր սպանելու փորձ), 29,120.2.12 (ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով միտումնավոր սպանություն) և 29,282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը և պաշտպանունակությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու, այս կամ այն նպատակներով զանգվածային թունավորման կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու) հոդվածներով: