Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հավանության է արժանացրել
Կատարում թուրք զինծառայողների տեղակայելու օրենքը՝ դրանով Կատարին աջակցելու ազդանշան տալով։ Վերջինը մեկուսացվել է, քանի որ մի շարք արաբական երկրներ խզել են Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Էրդողանը հավանության է արժանացրել Թուրքիայի և Կատարի միջև ևս մեկ համաձայնագիր՝ ռազմական նախապատրաստության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Թուրքիան նաեւ պարտավորվել է Կատար սննդամթերք ու ջուր մատակարարել։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կշարունակի զարգացնել Կատարի հետ հարաբերությունները։
Ընդհանուր առմամբ, 10 երկիր է խզել դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, ներառյալ՝ 7 արաբական պետություն: Կատարին մեղադրում են ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ։ Կատարը հերքում է մեղադրանքները։
Արաբական պառակտումից օգուտ է քաղաքում առաջին հերթին Թուրքիան` զորքեր տեղակայելով Կատարում և դառնալով` ԱՄՆ-ին զուգահեռ, այդ երկրի անվտանգության երաշխավորը։ Բացի այդ, արաբական մի շարք երկրներ խզել են նաև տնտեսական կապերը Կատարի հետ, ինչը նոր հնարավորություններ է բացելու թուրքական բիզնեսի էքսպանսիայի համար կաթարյան շուկա։ Անկարան օգտվելու է Կատարի շուրջ ստեղծված իրավիճակից` Ծոցում իր ռազմաքաղաքական ու տնտեսական ներկայությունն ամրապնդելու համար։
Դրա դիմաց էլ Կատարը միլիարդավոր դոլարների ներդրումներ կանի թուրքական շուկայում ու երկու երկրները Ծոցում գործելու են, որպես ռազմատնտեսական տանդեմ` հակակշիռ Սաուդյան Արաբիային ու Ծոցի այլ միապետություններին, ինչպես նաև Իրանին, որը լարված հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի ազդեցության գոտում գտնվող Ծոցի միապետությունների հետ։
Կատարյան ճգնաժամը կարծես թե նոր հնարավորություններ է ընձեռնում Էրդողանին կյանքի կոչելու նոր օսմանականության քաղաքականությունը։
Արտյոմ Բալասանով. Ֆեյսբուք: