Շատ պուճուր և անհասկանալի հարցեր եք տալիս. Գալուստ Սահակյանը՝ լրագրողներին
Այսօր՝ հունիսի 9-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Գալուստ Սահակյանը, արձագանքելով կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու վերաբերյալ հարցին, նշեց, որ այդ առնչությամբ ավելացնելու ոչինչ չունի:
Լրագրողների՝ «Կոռուպցիայի կանխարգելման մարմինն ի՞նչ կարող է անել, նման մարմիններ, խորհուրդներ ունեցել ենք, բայց, ըստ էության, որևէ էական փոփոխություն չենք տեսել» հարցը Գալուստ Սահակյանը որակեց «շատ պուճուր»:
«Շատ պուճուր և անհասկանալի հարցեր եք տալիս, երբ որ հարցերը կպատրաստեք` ինձ տալու, կպատասխանեմ»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք կլինե՞ն «խոշոր» գործիչներ, ովքեր կպատժվեն այս մարմնի ստեղծման արդյունքում, նա պատասխանեց. «Դրանք մանր, փոքր հարցեր են, դրա համար նոր պատգամավորներ են եկել, էդ հարցերը նրանց տվեք»:
Պատասխանելով հարցին՝ այս մարմինն արդյո՞ք ևս մեկ մարմին չէ` հարկատուների «վզին» նստած, պատասխանեց. «Եթե ոչնչի չհավատաք, ակնկալիքներ էլ պետք է չունենանք»: