Երևանի քաղաքապետարանի գրավման առաջին օրը. «Երկիր Ծիրանին» բոյկոտեց Երևանի ավագանու նիստը (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 9-ին, մեկնարկեց Երևանի ավագանու առաջին նիստը, որին քաղաքապետարանի դահլիճում ներկա էին ՀՀԿ-ի և «Ելք»-ի ավագանու անդամները:
Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին, ապա նրանք ճերմակազգեստ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ ավագանու նիստն սկսեցին քաղաքապետարանի դիմաց՝ ծաղիկներով, Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի լուսանկարներով ափսեներով և «ՀՀԿ» գրությամբ փուչիկներով:
Նրանք քաղաքապետարան մտան՝ փուչիկները պայթեցնելով և կոտրելով ափսեները, ինչից հետո իրենց հատկացված սենյակում շարունակեցին նիստն՝ այդպես բոյկոտելով քաղաքապետարանի դահլիճում անցկացվող նիստը:
«ԵԾԿ» առաջնորդ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում հեռարձակվող ուղիղ եթերում իրենց բոյկոտն անվանեց ««Երևանի քաղաքապետարանի գրավման առաջին օրը»: Փոստանջյանը ևս մեկ անգամ նշեց, որ իրենց ուժը չի ընդունում Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ հավելելով, որ նիստեր է անցկացնելու մայրաքաղաքի համայնքներում:
Նշենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում հետևյալ հարցերն են.
1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում,
2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր,
3. Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորում,
4. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում,
5. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում: