Ռուսական համակարգիչը «MacBook»-ից թանկ կլինի
«Росэлектроника» ընկերությունը հայտնել է նոր սերնդի «Эльбрус 101-РC» համակարգիչների թողարկման մասին: Սակայն փորձնական նմուշի գինը կգերազանցի «Apple»-ի «MacBook»-ին: Սա պարզել է «Hi-Tech Mail.Ru»-ն:
Ընկերությունում նշել են, որ առաջին փորձնական նմուշները կուղղվեն պետական գերատեսչություններ, մասնավոր ընկերություններ և արդյունաբերական ձեռնարկություններ: Ընկերության աղբյուրը հայտնել է համակարգչի ենթադրյալ գինը:
«Անձնական համակարգչի փորձնական օրինակի գինը 130 000 ռուբլի է, իսկ այն մեկը, որը կարտադրվի 2018 թվականին՝ մոտ 70 000 ռուբլի»,- նշել է աղբյուրը:
Միաժամանակ հասանելի «MacBook»-ներից ամենանորը 12-դյույմանոց էկրանովն ու 512ԳԲ հիշողությամբը, արժե 117 000 ռուբլի: Այս մասին հաղորդվել է «Apple»-ի պաշտոնական կայքում: