ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է Էրդողանի թիկնապահների գործողությունները
ԱՄՆ-ի կոնգրեսը անցյալ ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ բանաձև է ընդունել, որով դատապարտում է Էրդողանի քաղաքական գործունեության դեմ խաղաղ ցույց կատարած քաղաքացիների վրա թուրքական անվտանգության ներկայացուցիչների հարձակումը:
Բանաձևն ընդունվել է երեքշաբթի՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավաքելով իր օգտին 397 ձայն:
«Մեր երկիր այցելողները պետք է հարգեն մեր քաղաքացիների իրավունքները», - ասել է բանաձևի համահեղինակ, Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Սթենի Հոյերը:
Բանաձևի մյուս համահեղինակ կոնգրեսական Էդ Ռոյսը նշել է, որ օրինագծի ընդունումը Կոնգրեսի մակարդակով անհրաժեշտ էր, քանի որ այն պարզություն է մտցնում Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ:
Բանաձևը պահանջում է, որ Թուրքիան անհապաղ վերացնի դիվանագիտական անձեռնամխելիությունը բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին և օրինապահներին:
«Մենք թույլ չենք տալու թուրք ավազակներին, ովքեր հարձակվել են մեր ցուցարարների վրա, թաքնվել անձեռնմխելիության հետևում», - ընդգծել է կոնգրեսական Էլեանոր Հոլմս Նորթոնը: