Փաստաթուղթ ստուգող պաշտոնատար անձն ինքն է թելադրելու վարքագծի կանոնը
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ճանապարահային ոստիկան-վարորդ շփման ժամանակ երբեմն հանդիպում են դեպքեր, երբ վարորդը համառորեն պնդում է, որ ոստիկանը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս իրավունք չունի վարորդի ձեռքից վերցնելու վարորդական վկայականը և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը: Ակնհայտ է, որ նման պահվածքը նպատակ է հետապնդում ստեղծել արհեստական լարվածություն և զոհի տպավորություն:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհային երթևեկության կարգավորման համար օրենքով սահմանված կարգով լիազորված այլ անձանց պահանջով ներկայացնել ստուգման տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական վկայականը, տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերը:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն ոստիկանությունն իրավունք ունի ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող փաստաթղթերը:
Ոստիկանի «պահանջ», «ստուգել», «ներկայացնել» տերմիններն իրենցից ենթադրում են փաստաթղթերն ունենալ իր ձեռքին, ոչ թե դիտարկելու որոշ հեռավորությունից:
Փաստաթուղթ ստուգող պաշտոնատար անձն ինքն է թելադրելու վարքագծի կանոնը, այլ ոչ վարորդի քմահաճույքին ենթարկվի:
Օրենքով սահմանված դեպքերում փաստաթղթերը վերցնել և սահմանված կարգով հետ վերադարձնելն այլ գործողություն է, իսկ ստուգելը, արձանագրություն կազմելը և հետ վերադարձնելն այլ գործողություն: