Սերժ Սարգսյանը շնորհավորել է ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, մաղթել առողջություն, արևշատություն և նոր ձեռքբերումներ:
«Դուք գեղանկարչության մեծ վարպետներից եք, տաղանդավոր արվեստագետ, որի բարձրարժեք ստեղծագործությունը հարստացնում է հայ կերպարվեստը՝ աշխարհն ու հայրենիքը, մարդն ու բնությունը պատկերող կտավներով:
Ձեր գեղանկարների հոգեբանական խորությունն ու ներքին դրամատիզմը հուզում են արվեստասերներին, իսկ հայրենի եզերքին, հայ մարդուն ձոնված Ձեր գործերը նոր խոսք ու գեղագիտական նոր մոտեցումներ են մեր կերպարվեստում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: