ԱՄՆ-ում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել նոութբուքի այրվելու պատճառով
«JetBlue Airways» ավիաընկերության ինքնաթիռը, որը Նյու Յորքից Սան Ֆրանցիսկո էր ուղևորվում, ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել ճանապարհի կեսին՝ Միչիգանում, այն պատճառով, որ ինքնաթիռում ուղևորներից մեկի նոութբուքի մարտկոցն է այրվել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Fox News»-ին:
Ինչպես հաղորդել են ականատեսները, մի քանի ուղևորներ սրահում ծխի հոտ են զգացել և նկատել, որ այն պայուսակից է տարածվում: Վայրէջքի պահին օդանավակայան է ժամանել հրշեջ ծառայությունը, սակայն այդ ծառայությունների կարիքը չի եղել, քանի որ արդեն հաջողվել էր մարել կրակը:
Ինքնաթիռում 158 ուղևոր է եղել: Ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռը Միչիգանի օդանավակայանից կրկին ուղևորվել է Սան Ֆրանցիսկո:
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր էին արգելել ինքնաթիռներով նոութբուքների փոխադրումը, սակայն այդ նախաձեռնությունը մերժվել է: