Իրաքցի աշխարհազորայինները «ԻՊ»-ի դեմ պայքարելով հասել են սիրիական սահմանին
Այսօր՝ մայիսի 29-ին Իրաքի շիաների աշխարհազորը հայտնել է, որ իր մարտիկները «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ գործողությունների ընթացքում երկրի հյուսիս-արևմուտքում հասել են Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Իրաքը և Սիրիան ավելի վաղ բազմիցս նշել են սահմանամերձ շրջաններում «ԻՊ»-ի դեմ պայքարում փոխգործակցության կարևորությունը: Իրաքը, Սիրիայի զինված ուժերի հետ համաձայնեցմամբ, փետրվարին ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերին:
«Աշխարհազորի մարտիկները հրաշք են գործել և հասել սիրիական սահմանին»,-ասված է աշխարհազորի պաշտոնական կայքում՝ հաղորդագրության մեջ: Աշխարհազորայինները հետագա գործողությունների մասին ոչինչ չեն ասել, միայն ասել են, որ շարունակվող գործողության շրջանակում երկու գյուղ են ազատագրել Իրաքի Էլ Կախտանիա քաղաքից արևմուտք ընկած շրջանում՝ Տարոն և Վադի ալ Միդարը:
Լրատվամիջոցներին «Ալ Հաշդ աշ Շաաբի»ի ղեկավարներից մեկը՝ Հադի ալ Ամիրին հայտնել է, որ Իրաքի շիաների աշխարհազորը երկրի տարածքը «ԻՊ» խմբավորումից ազատագրելուց հետո մտադիր է ահաբեկիչների դեմ մարտական գործողությունները շարունակել Սիրիայի տարածքում:
Հիշեցնենք, որ «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորն ստեղծվել է 2014 թվականի ամռանը, երբ «ԻՊ»-ի զինյալները գրավեցին Իրաքի կարևորությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը: