«ԻՊ»-ին ոչնչացնելու նոր մարտավարությունը
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը պատմել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան փոփոխել է ահաբեկիչների նկատմամբ կիրառվող մարտավարությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CBS»-ին:
«Մենք արդեն հրաժարվել ենք հոգնեցուցիչ մարտավարությունից, երբ մենք ետ ենք շպրտում նրանց Իրաքի և Սիրիայի մի դիրքից մյուսը, և անցում ենք կատարել ոչնչացման մարտավարությանը, երբ մենք շրջապատում ենք նրանց»,- ասել է Մեթիսը:
Նրա խոսքով՝ կոալիցիան մտադիր է թույլ չտալ «ԻՊ»-ի մարտիկներին այլ երկրներից վերադառնալ տուն: Պենտագոնի ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ հենց շրջափակման և ոչնչացման մարտավարությունը հիմնական կդառնա կոալիցիայի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքը գործողություններ է սկսել Մոսուլում «ԻՊ»-ի վերջին հենակետը գրավելու համար: