Մայիսի 28-ը կարևորագույն հանգրվան է մեր պետականության կառուցման գործում. Կարեն Կարապետյան
Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հանրապետության օրվա առթիվ՝ տեղադրելով «System of a Down» ռոք-խմբի կատարմամբ «Սարդարապատ» երգի տեսահոլովակը:
Վարչապետը մասնավորապես գրել է. «Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Մայիսի 28-ը կարևորագույն հանգրվան է մեր պետականության ու ժողովրդավարության կառուցման գործում:
Չնայած բոլոր դժվարությունների ու անհաղթահարելի թվացող մարտահրավերների, 1918թ. մեր ժողովուրդը հերոսաբար վաստակեց ապրելու ու ապագա ունենալու իր անքակտելի իրավունքը: Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության և ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող այդ ճանապարհը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում խաղաղություն ու տոնական բարձր տրամադրություն»: