Ադրբեջանում Լապշինի գործով քննությունն ավարտվել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով քննությունն ավարտվել է: Այս մասին գրում է «ТАСС» գործակալությունը՝ հղում տալով բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինին:
«Այո, քննությունն ավարտվել է: Տոներից հետո (խմբ.՝ նկատի է առնված Հանրապետության օրը, որը Ադրբեջանում նշվում է մայիսի 28-ից 29-ը) գործի նյութերը կտրամադրվեն Լապշինին և ինձ՝ դրանց ծանոթանալու համար, իսկ հետո կուղարկվեն դատարան»,- ասել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ Լապշինը դեռևս Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանի բուժկետում է, որտեղ ապրիլին է տեղափոխվել տախիկարդիա ախտորոշմամբ: «Ես հենց նոր եմ նրա հետ հանդիպել, վիճակը նորմալ է»,- նշել է Չերնինը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսում Ադրբեջանի դիմումի համաձայն 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալվել էր և 2017 թվականի փետրվարի 7-ին արտահանձնվել Բաքվին:
2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու և Ադրբեջանի վարած քաղաքականությունը քննադատելու պատճառով բլոգերին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: