Հայազգի Դանիել Կազարյանը Ֆրանսիայի ԱԺ ընտրություններում առաջադրվել է «Առա՛ջ» շարժման կողմից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Առա՛ջ» շարժումը երկրի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Ռոնի նահանգի 13-րդ շրջանում առաջադրել է հայազգի Դանիել Կազարյանի թեկնածությունը: Կազարյանին սատարելու մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Իմ ընկեր Դանիել Կազարյանի հետ եմ: Շատ հպարտ և ուրախ կլինեմ, եթե նա ընտրվի Ազգային ժողովի պատգամավոր»,- գրել է Փափազյանը:
Դանիել Կազարյանը 52 տարեկան է և միայն վերջերս է սկսել զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Մինչ այդ նա զբաղվել է ձեռնարկատիրությամբ: Կազարյանը նաև Հայկական հիշողության ազգային կենտրոնի նախագահն է:
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017թ-ի հունիսի 11-ին և 18-ին: