Էրդողանի նախազգուշացումը՝ «երկերեսանի» ԵՄ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ նիստին, հայտնել է, որ Անկարան չի հանդուրժի Եվրամիության երկերեսանի քաղաքականությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին:
«Մենք պարտավոր չենք հանդուրժել ԵՄ-ի երկվությունը, Թուրքիայի և թուրք ազգի արժանապատվության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Կա՛մ Եվրամությունը պահում է խոստումը և ստորագրում Թուրքիայի հետ վիզաների ազատականացման մասին համաձայնագիրը, տրամադրում խոստացված միջոցները փախստականներին աջակցելու համար և հարթում Անկարայի՝ ԵՄ-ի կազմ մտնելու բանակցությունների խոչընդոտները, կա՛մ ամեն մեկն իր ճանապարհով է գնում»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ Թուրքիան, չնայած այս ամենին, կողմ է Եվրամիության հետ մերձեցմանը:
«Վերջին խոսքն այս հարցում ԵՄ-ինն է»,- հավելել է Թուրքիայի նախագահը: