Նոր մանրամասներ՝ Թրամփի և Լավրովի զրույցից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ՝ մայիսի 10-ին, Վաշինգտոնում Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին «իսկական հոգեկան» է անվանել: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «New York Times»-ին;
Ինչպես հաղորդում է թերթը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտնյային, Օվալաձև աշխատասենյակում Թրամփը ռուս նախարարին ասել է, որ «թեթևացում» է զգում Քոմիին աշխատանքից ազատելուց հետո, ով իր վրա «մեծ ճնշում» էր գործադրում:
«Ես նոր եմ նրան աշխատանքից ազատել, նա գիժ էր, իսկական հոգեկան հիվանդ»,- իբրև թե, ըստ թերթի, ասել է Թրամփը Լավրովին:
Բացի այդ, թերթը հավաստիացնում է, որ հանդիպման ընթացքում Թրամփը գանգատվել է «Ռուսաստանի պատճառով մեծ ճնշումից», և հենց դրա համար էլ Քոմին պաշտոնանկ է արվել: Նշվում է նաև, որ Թրամփը Լավրովին հավաստիացրել է, որ անձամբ նրա նկատմամբ հետաքննություն չի անցկացվում: