Թրամփն ընդունում է իր սխալն ու զղջում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայքլ Ֆլինին աշխատանքից ազատելը սխալ է համարում: Այս մասին գրում է «RNS»-ը՝ հղում տալով «Politico»-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է Սպիտակ տան սեփական աղբյուրներին, որոնք մոտ են կանգնած Թրամփին:
Թրամփը, Ֆլինին աշխատանքից ազատելուց երկու օր հետո իր օգնականների և ընկերների հետ զրույցի ընթացքում ասել է, որ պետք է չդիմեր այդ քայլին: Նրան պաշտպանելով՝ նախագահը հաճախ է ասել, որ Ֆլինը «լավ մարդ է»:
Թրամփին մտերիմ խորհրդականներից մեկը նաև ասել է, որ Ֆլինն իսկապես մտքեր էր արտահայտում, որոնք Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնանկ արված ղեկավար Ջեյմս Քոմին հիշատակել էր իր նշումներում: Նա իսկապես Սպիտակ տան մարդկանց ասում էր, որ կցանկանար, որպեսզի Ֆլինի նկատմամբ հետաքննությունը դադարեցվեր:
Նշվում է, որ Սպիտակ տանը շատերը չեն ցանկանում ընդհանրություն ունենալ Ֆլինի հետ, միայն Թրամփն է նրան սիրում: