Մամեդյարովի մտքերի ձևակերպումը տարածքների հանձնում կարող է և չնախատեսել
Արցախյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ պարոն Մամեդյարովի կողմից արտահայտված մտքերն ու օգտագործված ձևակերպումներն իրոք ուշագրավ են մի շարք պատճառներով: Եթե նրա խոսքը ճիշտ է թարգմանվել, ապա «խաղաղություն զորքերի դուրսբերման կամ տարածքների դիմաց» բանաձը միանգամայն երկիմաստ է հնչում:
Այդ բանաձևն ակնհայտորեն լուծման երկու տարբերակ է պարունակում, ու եթե «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը միանգամայն պարզ է ու ենթադրում է, որ հայկական զինուժն ինչ-ինչ տարածքներ լքում է և դրանք անմիջապես անցնում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ, ապա «խաղաղություն զորքերի դուրսբերման դիմաց» ձևակերպման տրամաբանությունը հուշում է, որ այս դեպքում հայկական զինուժի դուրսբերումն անմիջապես Ադրբեջանին տարածքների հանձնում կարող է և չնախատեսել:
Այսինքն սա մի տարբերակ է, որի կիրառման դեպքում հայկական զինուժը ետ է քաշվում, նրա փոխարեն ներկայիս շփման գծում տեղակայվում է երրորդ պետության զինուժը, որին, հակամարտության կողմերի փոխհամաձայնության հիման վրա կարող է խաղաղապահ զորախմբի կարգավիճակ տրվել:
Արման Մելիքյան. Ֆեյսբուք: