Ուկրաինան մի քանի տարուց նույնիսկ «խղճուկ» թոշակների գումար չի ունենա
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, հայտնել է, որ երեք կամ հինգ հազար գրիվենի (մոտ 6 կամ 10 000 ռուբլու) չափով թոշակներ ուկրաինացիները չեն կարողանա ստանալ Թոշակների ֆոնդի պակասորդի պատճառով: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Вести Украина»-ին:
Վարչապետի խոսքով՝ ինքը կցանկանար ավելացնել թոշակները թեկուզ երեք կամ հինգ հազար գրիվենով, սակայն այդ ժամանակ Թոշակների ֆոնդի պակասությունը, որն արդեն իսկ կազմում է 140 միլիարդ, բավականին կաճի: Արդեն հաջորդ տարի, վարչապետի հաշվարկներով, պակասորդը կհասնի 175 միլիարդի:
«Եվս մեկ տարի հետո 200 միլիարդ գրիվենից ավելի, երեք, չորս, հինգ տարի հետո փող չի լինի, որպեսզի վճարենք թշվառ թոշակները»,- տխուր ասել է Գրոյսմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրոյսմանն առաջարկել էր Գերագույն ռադայում քննարկել իր կառավարությանը չվստահելու հարցը: