ԵԱՀԿ Մինսկի խումբը ստիպված է հայտնում Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին. Սամվել Ֆարմանյան
Այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների նախօրեին արված հայտարարությանը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ ստիպված հայտնում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը հրահրել է Ադրբեջանը:
«Սա ստիպված քայլ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ հայտարարությունը ողջունելի է:
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Մինսկի խումբը մտածի հրադադարի շարունակական խախտման դեպքում Ադրբեջանի կողմից մարդկային կորուստների վերաբերյալ տվյալների հրապարակման մասին»,- ասել է Ֆարմանյանը:
Նշենք, որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտնել էին մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածության սրման մեջ Ադրբեջանի նախահարձակ լինելու մասին:
Հայտարարությունում ասվում էր. «Ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրների՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինուժը հրթիռ է արձակել շփման գծում՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական կողմը պատասխանել է՝ կիրառելով տարբեր տրամաչափի զենքեր: Այս գործողությունները երկու կողմերի այս գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ տալիս:
Կան իրարամերժ զեկույցներ զոհերի և վիրավորների վերբերյալ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գրասենյակի անձնական ներկայացուցիչները շարունակում են տեղեկություններ ձեռք բերել և վերլուծություններ կատարել, առկա իրավիճակի մասին ավելի ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն ունենալու համար»: