Պատգամավորները երդվեցին, բայց հատուկենտ մարդիկ ստորագրեցին երդման տեքստի տակ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը նախատեսված էր, որ պատգամավորները դահլիճում երդվելուց հետո պետք է ստորագրեին նաև դրա տեքստի տակ: ԱԺ միջանցքում տեղադրված էր երդման տեքստը՝ տպագրված մեծ թղթի վրա, շքեղ ձևավորմամբ, ներքևում՝ պատգամավորների անունները: Սակայն օրվա վերջում «Ժողովուրդ»-ի տեսախցիկը ֆիքսեց, որ այդ թղթի տակ հատուկենտ մարդիկ էին ստորագրել՝ Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Գագիկ Մինասյան, Միհրան Հակոբյան, Շուշան Պետրոսյան...:
Սա թերևս պատահական չէ, այլ վկայությունն է այն բանի, որ պատգամավորները լուրջ չեն վերաբերվում իրենց երդմանը և, ընդհանրապես, իրենց պարտականությունների կատարմանը: Իսկ միգուցե պատգամավորների մի մասի համար պարզապես անհասկանալի է եղել երդման տեքստը, և երկար-բարակ նախադասությունների, ժողովրդի առաջ պարտավորությունները բարեխիղճ կատարելու, Սահմանադրությունն ու օրենքները պահպանելու, Հայաստանի ինքնիշխանության և շահերի պահպանմանը նպաստելու, քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքները պահպանելու փոխարեն լավ կլիներ մեկ տողով գրել՝ «Շեֆը ոնց ասի, ըտենց կանեմ, հորս արև», և այդ դեպքում բոլորը ստորագրեին այն: Ամեն դեպքում, արժի փորձել»,- գրում է թերթը:
Մանրամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: