Մարտ Բաբայանը դատի կտա ադրբեջանցի երգչին
Երգիչ Մարտ Բաբայանը դատի կտա Սաբիր Ահմեդով անունով ադրբեջանցի երգչին, որը Մարտի «Выходи за меня» երգը վերագրել է իրեն և «Предложение» վերնագրով տարածել է համացանցում:
Դատական գործը կսկսվի Մոսկվայում: «Չնայած Աիմեդովը արդեն փոխել է նկարագրությունը, մենք ապացույց տեսանյութ ունենք, երգի հեղինակային իրավունքները գրանցված են։ Քանի որ Ռուսաստանի քաղաքացի ենք, այստեղ կդիմենք դատարան։ Այդ երգն առաջին անգամ Մարտը կատարել է մի հրաշալի հարսանիքին, իսկ գործիքավորումն արել են Կարենն ու Սևակը», - նշում է Մարտ Բաբայանի պրոդյուսեր Սոֆիա Գուլյանը:
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցու գրառումը նկատել են իր ընկերները. «Սկզբում չհավատացի՝ մտածելով, որ հնարավոր է՝ ուղղակի երգը որոշել է երգել, բայց հետո տեսնում ենք, որ հայտարարել է, թե երաժշտության ու խոսքերի հեղինակն ինքն է: Փոխել է միայն վերնագիրը, մեր տարբերակը երևի չէր հավանել:)»,-ասել է նա: