Ավագանու ընտրություններում ժամը 17:00-ից 18:00-ի սահմաններում գրանցված ընտրախախտումները
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է ժամը 17:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում արձանագրված ընտրախախտումները, որոնք ներկայացնում ենք ստորև.
10/53 16:00:00 Ոստիկանության աշխատակցի կողմից լիազորությունների գերազանցում
Ոստիկանության աշխատակիցը երկու ժամը մեկ մոտենում է հանձնաժողովի նախագահին պահանջելով իրեն տրամադրել քվեարկությանը մասնակցած անձանց թվաքանակն այդ պահի դրությամբ։ Դիտորդը պահանջել է պարզաբանել, թե ինչի հիման վրա են ոստիկանության աշխատակցին տրամադրվում նման տվյալներ, որին ի պատասխան հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի պահանջելու և ստանալու նման տվյալներ իր վերադասին զեկուցելու նպատակով։ Դիտորդը պահանջել է արձանագրել վերոնշյալ հանգամանքը և գրանցել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։
3/1 17:17:00 Կողմնակի անձանց ներկայություն, ուղղորդում
Դիտորդը հայտնում է, որ պարբերաբար տեղամասային կենտրոն է գալիս կողմնակի անձ և ընտրողներ բերում/ուղղորդում՝ ամեն անգամ պատճառաբանելով, որ իր բարեկամներին է բերում: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը գրանցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
3/1 17:18:00 Քվեարկողների ընդհանուր թվի անհամապատասխանություն
ԻԵՄ դիտորդը հայտնել է, որ ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ընդհանուր թիվը ընտրողների ցուցակում և տեխնիկական սարքով գրանցված ընտրողների ընդհանուր թիվը տարբեր են: Տարբեր է նաև քվեարկությանը մասնակցած ընտրողների կողմից հանձնած քվեարկության կտրոնների թիվը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ: Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը գրանցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
8/43 08:05:00 Քվեարկության գաղտնիության խախտում
Ժամը 8:05-ի դրությամբ դիտորդը նկատել է, որ քվեախցիկի հետևում ապակե դռներով դարակ կա, ինչի արդյունքում կարող է խախտվել քվեարկության գաղտնիության սկզբունքը:Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը։ Հանձնաժողովի նախագահը լուծել է խնդիրը՝ դռները բացելով: Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը/ խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցել խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը գրանցամատյանում: Արդյունքում խախտվել են ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված դիտորդի իրավունքները։
8/43 09:09:00 Կողմնակի անձանց ներկայություն տեղամասում
Ժամը 9:00-ի սահմաններում Երևանի ավագանու թեկնածու Ասոյան Արթուրը իր 3 վստահված անձանց հետ միասին գտնվել է տեղամասային կենտրոնում: Վերջինս պատճառաբանել է, որ բաշխում է վստահված անձանց ընտրական տեղամասերով: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը։ Հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ ըստ ընտրական օրենսգրքի թեկնածուն իրավունք ունի շրջելու տեղամասերով: Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը/ խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցել խախտումը/ խախտման վերաբերյալ գնահատականը՝ ասելով, որ ինքը(հանձնաժողովի նախագահը) նախկինում դիտորդ է եղել և լավ գիտի, որ դիտորդի համար խնդիրներ կարող են առաջանալ, եթե ամեն խախտում արձանագրվի: Արդյունքում խախտվել են ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված դիտորդի իրավունքները։
5/1 11:10:00 Ուղղորդում
Դիտորդը հայտնել է, որ 11:10-ի սահմաններում վերջինիս կողմից դիտարկված խախտումները հետևյալն են. Հանրապետական կուսակցության վստահված անձը ընտրողին քվեարկության կարգը բացատրելու պատրվակով, մինչ քվեարկության խցիկ մտնելը ուղղորդել է ընտրողին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, հանձնաժողովի նախագահը նկատողություն է արել ՀՀԿ վստահված անձին։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցել խախտումը պատճառաբանելով, որ դա ուղղորդում չէ:
8/43 17:53:00 Քվեարկության գաղտնիության խախտում
Դիտորդը հայտնում է, որ քվեարկողը դուրս է եկել քվեախցիկից՝ առանց քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ դնելու: Հանձնաժողովի նախագահը, պատճառաբանելով, որ ընտրողի ձեռքը վնասված է և նա չի կարող ինքնուրույն քվեաթերթիկը դնել քվեարկության ծրարի մեջ, ինքն է դա արել քվեարկողի փոխարեն: Ինչևէ դիտորդն արձանագրել է, որ քվեարկողը հենց այդ վնասված ձեռքով և ստորագրել է ընտրողների ցուցակում իր անվան դիմաց և կատարել քվեարկություն: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը։ Խախտումը չի վերացվել: Դիտորդի գնահատականը խախտման վերաբերյալ գրանցվել է գրանցամատյանում: