Այսօր շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է
Տիգրան Վարդանի Պետրոսյան ծնվել է 1929թ հունիսի 17-ին :Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար (Վասիլև 1974:27) և (Կասպարով 2004:7, 16, 62, 80)։ Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։
Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թ ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թ առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թ ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թ առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թ միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թ հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թ միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958 թ՝ 3-4-րդը, 1962 թ՝ 2-3-րդը։ 1959 թ հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։
1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
1966 թ Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բ.Սպասկիին։ 1969 թ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին։ 1971 - 1980 թթ շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։ Մահացել է 1984թ. օգոստոսի 13-ին: