Ռուսաստանում 1000 ռուբլու պատճառով կրակել են 3 հայերի վրա
Մայիսի 7-ին, երեկոյան ՌԴ Սամարա քաղաքում տեղի է ունեցել վիճաբանություն ռուս և հայ երիտասարդների միջև: Այս մասին գրում է « volga.news»-ը:
Հիվանդանոց են տեղափոխվել 3 հայեր: Նրանցից երկուսին տրամադրվել է բուժօգնություն, և նրանք դուրս են գրվել հիվանդանոցից: Երրորդը, գիտակցության չգալով, մահացել է բժշկական հաստատությունում՝ կրծքավանդակի հատվածում ստացած հրազենային վնասվածքից:
Իրավապահ մարմիններում աղբյուրի տվյալներով՝ հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով: Հայտնի է, որ տուժածները, որոնցից ամենամեծը եղել է 23 տարեկան, վնասվածքները ստացել են 1000 ռուբլու պատճառով առաջացած կոնֆլիկտի ժամանակ:
Մեխզավոդի երկաթուղային սպասահարթակի մոտ տուժածները վիճաբանել են երեք երիտասարդի հետ, ինչի հետևանքով վերջիններս կրակ են բացել: Կասկածյալների ինքնությունն արդեն պարզվել է, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Նշվում է, որ վիճաբանության բոլոր մասնակիցները (թվով 6 մարդ) և՛ տուժածները, և՛ կասկածյալները, հայ են և ՌԴ քաղաքացիներ, որոնք ապրում են Մեխզավոդում: Կասկածյալներից մեկն անչափահաս է՝ ծնված 2000 թվականին: