Բուդաղյանների գործը ուշ թե շուտ բացահայտվելու է և մեղավորները պատասխանատվության են թարկվելու. Հայկ Ալումյան
Այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը խոսեց 4 տարի առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի կրակոցներից սպանվեց Ավետիք Բուդաղյանի և ծանր մարմնական վնասվածք ստացավ Արտակ Բուդաղյանի գործից:
Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ ի պատասխան իրենց դիմումի՝ մարտի 21-ին ՍԴ-ն տվեց գնահատականներ, որոնք շատ դեպքերում համընկնում էին իրենց գնահատականների հետ: «Մեր բողոքի հետ մասամբ համաձայնել է նաև քրեական վերաքննիչ դատարանը: Առաջին անգամ դատարանները գտան, որ մենք ճիշտ փաստարկներ ենք բերել: Բուդաղյանների գործով պետք է տեղի ունենա բաց դատավարություն, որպեսզի բոլորին հայտնի դառնա՝ արդյոք Ավետիք Բուդաղյանն է նախահարձակ եղել, թե հակառակը՝ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները»,- ասաց փաստաբանը:
«Հավանաբար հասարակության մոտ տպավորություն էր ստեղծվել որ Բուդաղյանները դադարեցրել են պայքարը, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Արդարությունը վերականգնելու համար նրանք շարունակելու են պայքարել՝ որքան էլ դա երկարատև կամ դժվար լինի: Շուտ թե ուշ մեղավորները բացահայտվելու են, թող չհուսան, որ կարողանալու են այս պատմությունից մաքուր դուրս գալ»,- ասաց նա: